Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լուրեր

Լուրեր
15.07.2008 | 00:00

«Լոկալ» շահեր՝ «գլոբալ» խաղից առաջ
Արմատական ընդդիմության որդեգրած մարտավարությունը, համաձայն որի՝ չեն մասնակցելու քաղաքական այն գործընթացներին, որոնք գործող իշխանությունը լեգիտիմացնելու ենթատեքստ ունեն, այսօր էլ շարունակում է նույնը մնալ։ Այն տարբերությամբ, որ եթե այսուհետ տերպետրոսյանական թիմը որևէ ընտրության մասնակցելու որոշում կայացնի, դա տեղի կունենա միայն այն ժամանակ, եթե ստույգ լինի հաղթելու հեռանկարը։ Լոկալ հաղթանակների այս մարտավարությամբ են արմատականներն առաջնորդվում նաև Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում, որտեղ Համաժողովրդական շարժումը ոչ միայն սեփական թեկնածու չի առաջադրել, այլև հայտարարել է, որ չի պաշտպանելու որևէ մեկի թեկնածությունը։ Նույնն էլ՝ Արաբկիրի համայնքապետի գալիք ընտրություններում, որտեղ նպատակ ունի առաջադրվելու «Ժառանգության» թեկնածու Զոյա Թադևոսյանը, թեև այս որոշումը դեռ վերջնական չէ, քանի որ առայժմ փորձում են հաշվարկել, թե որքանով է իրատեսական վերջինիս հաղթելու հնարավորությունը։ Ճիշտ է, տերպետրոսյանական թևը չի բացառել, որ ինչ-որ մի պահի կարող է և սատարել հիշյալ թեկնածուին, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դա ընդամենը «խայծ» է «Ժառանգության» համար, որպեսզի վերջինս, այնուամենայնիվ, մաս կազմի Ազգային կոնգրեսի։ Ի դեպ, եթե վերջնահաշվարկում պարզվի, որ «Ժառանգության» թեկնածուն գործող հանրապետական թաղապետին հաղթելու ոչ մի «շանս» չունի, արմատականները կփորձեն ամեն ինչ անել, որ վերջինս պաշտոնապես չառաջադրվի, դրանով իսկ պահպանելով այն «թեզը», թե ընդդիմությունն այսօր լուրջ ուժ է և կարող է հաղթել ոչ միայն «լոկալ», այլև «գլոբալ» ընտրություններում։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Պարապ է մնացել
Արդեն 9-րդ անգամ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Համահայկական երիտասարդական հիմնադրամի ջանքերով կազմակերպվում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Այս միջոցառման գաղափարը կյանքի կոչվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Այս տարի արդեն երկրորդ անգամ հավաքը Ջերմուկ քաղաքում է, որն իրենց ներկայությամբ պատվել էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հավաքի կազմակերպիչները փոխանցեցին, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ցանկություն հայտնել կրկին հյուրընկալվել «Բազեում»: Հավանաբար Քոչարյանը փափագում է, որ իր պաշտոնավարման տարիներն «անջինջ» մնան երիտասարդների հիշողություններում, իսկ իր ստվերը թափառի անգամ երիտասարդական հավաքներում: Իհարկե, նա նաև չի խուսափի երիտասարդներին ապացուցել, որ դեռևս չի կորցրել «երիտասարդ թոշակառուին» բնորոշ երիտասարդական ավյունը:
Ռ. Խ.

Մեղսավոր խորհրդարան
«Ե՛վ Ազգային ժողովը, և՛ նրա նախագահ Տիգրան Թորոսյանը մարտի մեկի հանցագործության մասնակիցներ են և կիսում են այդ հանցագործության պատասխանատվությունը։ Լավագույն օրինակ կարելի է համարել, թե ինչպես նրանք հաշված րոպեների ընթացքում քվեարկեցին իրենց գործընկեր, համաժողովրդական շարժման կողքին կանգնած պատգամավորների կալանավորման օգտին և նույնպիսի ապօրինի քվեարկությամբ արտահայտվեցին ապօրինի արտակարգ դրության հաստատման օգտին»,- երեկ հայտարարեց արմատական ընդդիմության առաջնորդներից Դավիթ Շահնազարյանը։ Կատարվածի պատասխանատվության մեջ նա իբրև միանշանակ մեղավորներ է դիտարկում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։
Վ. Ս.

Առյուծի բաժնեմասով
Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու «Արմեն-Ակոբ» և «Հայ-TV» հեռուստաընկերություններում վերջերս տեղի ունեցած բաժնետիրական գործարքներին, որոնց արդյունքում փաստացիորեն համալրվեց հիշյալ «թիվիների» սեփականատերերի ցանկը։ Եվ եթե ինչ-որ ժամանակ նոր «պատրոնների» ինքնությունը, գոնե առերևույթ, գաղտնի էր պահվում, այսօր «գաղտնիքը» քողազերծվել է։ Ըստ այդմ, «Արմեն-Ակոբի» և «Հայ-TV»-ի բաժնետոմսերի առյուծի բաժինը «Կոմեդի-Կլաբի» հիմնադիրներից Արթուր Ջանիբեկյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի ձեռքին է:
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Վերջապես սկսեցին ծեծել
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության բաժին դիմում է ներկայացրել 1986-ին ծնված Գոռ Գ.-ն, որը պնդել է, թե ինքը և 1989 թ. ծնված Մելինե Հ.-ն, հանդիսանալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ, քարոզչություն են վարել Քանաքեռ համայնքի Յան Ռայնիսի փողոցում։ Հիշյալ փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1953 թ. ծնված Հայկ Է.-ն ձեռքերով հարվածել, մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է պատճառել իրենց՝ գործողությանը զուգահեռ արտահայտվելով անպարկեշտ արտահայտություններով։ Ոստիկանության տեղեկացմամբ, դիմումի հիման վրա կատարվում է հետաքննություն։
Մ. ՈՍԿԱՆՅԱՆ

Վենդետա
Նախորդ օրն Աջափնյակում կատարված արյունոտ ոճրագործության մասին «Ժառանգությանը» մոտ աղբյուրներից հայտնի դարձավ հետևյալը. ծագումով ապարանցի Նորայր Թումանյանը, պարտքերի դիմաց գրավ դրված, ապա «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի քրոջը՝ հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանին աճուրդով վաճառված իր նախկին բնակարան է վերադարձել և դանակով սպանել այնտեղ գտնվող Սեդա Սաֆարյանի ընկերուհու քրոջը (որին Սեդան հնարավորություն էր տվել մինչև արտասահման մեկնելն ապրել այդ բնակարանում), վիրավորել նրանց՝ գյուղից հյուր եկած զարմիկին, որը վիրահատվելուց հետո գտնվում է ծանր վիճակում։ «Թումանյան Նորայրը մշտապես անհանգստացրել է այդ ընտանիքին, իսկ դրանից առաջ էլ տևական ժամանակ դուրս չէր գալիս արդեն վաճառված բնակարանից, բազմաթիվ անգամներ «հետ մղելով» հարկադիր կատարողներին, որոնց մեկ անգամ էլ մուրճով հարվածել էր: Ապարանյան ծագումով այդ արարածին հովանավորում էր թաղապետ Արծրուն Խաչատրյանը, որովհետև վերջինիս մշտապես օգնում էր ընտրություններում կատարել ընտրակեղծիքներ». ասացին լավատեղյակ աղբյուրները:
Երեկ մինչև հետկեսօր՝ Թումանյանը նստել է տան պատուհանագոգին՝ սպաառնալով իրեն վայր նետել, եթե որևէ մեկն իր մազին դիպչի:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Քաղաքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Երեկ հայտնի դարձավ, որ Լոռու մարզային դատախազությունը Ստեփանավան քաղաքի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյանի նկատմամբ հարուցել է քրեական գործ։ Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, քրեական գործի հարուցման համար հիմք է ծառայել Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության» գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հաղորդումն այն մասին, որ Ստեփանավանի քաղաքապետը երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարաններ բաշխելիս թույլ է տվել պաշտոնական դիրքի խոշոր չարաշահում։ Կեղծված փաստաթղթերով նա բնակարան է հատկացրել Էմմա Թաթոյանի ընտանիքին, իսկ մեկ տարի անց նույն բնակարանը վերահանձնել Ստեփանավանի մեկ այլ բնակչուհու՝ Վարյա Դավթյանին։ Կարաքեշիշյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշերով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։

Դիտվել է՝ 4990

Մեկնաբանություններ